Ճամբարային առաջին շաբաթ․ ամփոփում

Իր ավարտին հասավ Հունվարյան ճամբարի առաջին շաբաթը, որի ընթացքում ունեցել ենք նոր ծանոթություններ, քննարկումներ, ճամփորդություններ և ամենակարևորը՝ լավ ժամանց։

Ճամբարը պարտադիր էր սկսել իրար հետ ծանոթանալով, ինչի հարցում մեզ օգնեցին խաղերը։ Շաբաթվա ընթացքում շատ ենք խաղացել և՛ ինտելեկտուալ, և՛ պարզապես զվարճալի խաղեր։ Ծանոթանալուն հաջորդեց մի շատ հետաքրքիր բանավեճ, որի թեման էր՝ «Կյանքը՝ վիրտուալ ցուցամոլություն»։ Քննարկեցինք համացանցի առավելություններն ու թերությունները։ Խոսեցինք մեդիագրագիտության կարևորությունից, համացանցային ցուցամոլությունից, նաև բարձրաձայնվեց համացանցում երեխաների անվտանգության խնդիրը։ Յուրաքանչյուրս արտահայտեցինք մեր կարծիքը՝ իրար լսելով և իրարից նորը սովորելով։

Ճամբարային մեկ այլ քննարկում էր Ռաֆայել Դիեստեի  «Ինքնասպան տղան» պատմվածքի քննարկումը։ Սկզբում չէինք կարողանում հասկանալ պատմվածքի իրական իմաստը, քանի որ ամբողջ կենտրոնացումը գնացել էր ստեղծագործության ծավալուն, մանրամասն ներկայացված հատվածի վրա։ Իրականում պատմությունը խորամանկության և արագ կողմնորոշվելու մասին էր, ինչի մասին խոսվում է պատմության սկզբում։

Եւ վերջապես, ճամբարի ամենաուրախ իրադարձություններից գլխավորը՝ այցելություն սահադաշտ։ Սահադաշտը դարձել է ցանկացած ճամբարականի համար պարտադիր այցելության վայր, և իրոք, այն ամբողջացնում է ճամբարը։ Օրը լի էր նոր հիշողություններով, նոր ընկերներով և անմոռանալի պահերով։

Оставьте комментарий