Ուսումնական գարունը Թբիլիսիում

Մարտի 27-30: Այս չորս օրերը, որոնք անցկացրեցինք Թբիլիսիում լի էին բազում դրական էմոցիաներով, մշակութային տարրերով և բացահայտումներով։ Քաղաքում եղել եմ մի քանի անգամ, սակայն երբեք ուշադիր չեմ ուսումնասիրել հին փողոցները, թաղամասերն ու շենքերը։ Եւ իհարկե, այն նպատակը, որով կատարել էինք այցը ևս մեծ նշանակություն տվեց մեր կարճ, բայց շատ արդյունավետ ճամփորդությանը։

Ճամփորդության գլխավոր հերոսն էր Թումանյանը։ Ես՝ որպես թատերական ակումբի անդամ և գրականության մեր փոքր ծրագրի ներկայացուցիչ կարողացա ամեն ինչ լիարժեք վայելել։ Թումանյանի տանը ելույթ ունեցանք նրա մասին ներկայացումով, ինչպես նաև ընթերցեցինք և ասմունքեցինք։ Այնուհետև հայտնվեցինք տան պատշգամբում և այն լցրեցինք երաժշտությամբ։ Չորս օրվա ընթացքում շատ բան ենք հասցրել։ Եղել ենք երեք տարբեր եկեղեցիներում՝ վրացական և հայկական, հայարտանը, Խոջիվանքի հայ գրողների պանթեոնում, որտեղ ևս Թումանյան ենք ընթերցել։ Նաև կցանկանամ նշել մեր այցը Պետրոս Ադամյանի անվան Պետական Հայկական Դրամատիկական թատրոն, որը դեռ լինելով վերանորոգման փուլում բոլորիս ապշեցրեց իր գեղեցկությամբ։ Թբիլիսիի թիվ 98 դպրոցում սովորողների մի խումբ ներկայացրեց իրենց դպրոցը, պատմեցին դպրոցում գործող ինքնավարության և երեսունից ավել ազգություններից սովորողների առկայության մասին։

Ամենատպավորիչ պահերից էր Գարի Դավթյանի տուն այցելելը։ Նրա կինը՝ Ժաննա Դավթյանը մանրամասն պատմեց տան կախարդական միջավայրի, պարոն Դավթյանի տիկնիկների մասին։ Յուաքանչյուր տիկնիկ ուներ իր անհատականությունը, բնավորության սեփական գծերը։ Մեր խումբը և Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հնարավորություն ունեցավ վայելելու տիկին Դավթյանի օգնությամբ տիկնիկների ներկայացումը, որը նա ևս բնութագրեց որպես կախարդական երևույթ։

Ճամփորդությունը իրոք ամենաստացվածներից էր, քանի որ կազմակերպված հասցրեցինք և՛ բազմաթիվ տեսարժան, տեղեկատվական վայրեր այցելել, և՛ պարզապես զբոսնել քաղաքով։ Ուրախ եմ, որ ողջ ընթացքում գրեթե ամեն ինչ լուսանկարել եմ և այդ հիշողություններից մի քանիսով կարող եմ կիսվել այստեղ։

Ֆոտոշարք

Оставьте комментарий